ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հռոմի պապ Ֆրանցիսկոսին վիրահատել են Հռոմում, այս պահին նա գտնվում է «Ջեմելի» կլինիկայի 11-րդ հարկի իր հիվանդասենյակում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով RaiNews24 հեռուստաալիքին։
Այսօր առավոտյան Հռոմի պապը, ավանդույթի համաձայն, համընդհանուր ընդունելություն է անցկացրել Վատիկանում: Նա լավ տրամադրություն է ունեցել և սովորականի պես օրհնել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքվածներին։
Ընդունելության ավարտից կարճ ժամանակ անց Սուրբ Աթոռը հաղորդագրություն է տարածել, որ օրվա երկրորդ կեսին Հռոմի պապին ընդհանուր անզգայացմամբ վիրահատելու են մայրաքաղաքի «Ջեմելի» կլինիկայում, որտեղ նա երեկ հետազոտություն է անցել:
Հաղորդագրության համաձայն` բժիշկները պետք է նրան լապարոտոմիա (որովայնի հատվածի կտրվածք. խմբ.) և որովայնի պատի պրոթեզավորման վիրահատություն կատարեին։
Վատիկանից հայտնում են, որ վիրահատությունն անցել է առանց բարդությունների: