Եվրասիական ընկերակցությունը պետք է կառուցվի նորարարությունների հիման վրա. Միշուստին

Միխայիլ Միշուստին
ՌԴ վարչապետը մեկնել է Սոչի, որտեղ մասնակցել է ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական համաժողովի բացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների եվրասիական ընկերակցությունն անհրաժեշտ է կառուցել նորարարությունների և նոր տեխնոլոգիաների հիման վրա։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Սոչիում ԱՊՀ և ԵԱՏՄ երկրների երիտասարդական համաժողովի բացմանը այս հայտարարությունն արել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
«Մենք այսօր այսպիսի ծրագիր ունենք` «100 գաղափար ԱՊՀ–ի համար»։ Եվ մենք սպասում ենք այդ գաղափարներին։ Մեզ համար շատ կարևոր է կառուցել մեր ընկերակցությունն այնպես, որ լինի հարմարավետ, երիտասարդական։ Ձեզնից այդ առումով հետադարձ կապ ենք ակնկալում»,–ասել է Միշուստինը։
ՌԴ վարչապետը նշել է, որ ԵԱՏՄ երկրների բնակչության 30%–ը երիտասարդներն են` շուրջ 55 մլն մարդ, և հիշեցրել Եվրասիական համալսարան ստեղծելու մասին, որին 15 բուհ է միացել. «Ուզում եմ ասել, որ Եվրասիական համալսարանում մենք արդեն սեպտեմբերի 1-ից կսկսենք մեր մագիստրոսական ծրագիրը»։
«Ընդհանրապես մեր ընկերակցությունն այսօր անհրաժեշտ է ստեղծել նորարարությունների, նոր տեխնոլոգիաների, նոր գաղափարների հիման վրա, և իհարկե այդ ամենը կրկին ձեզնից է կախված, ձեզնից նման ուղերձներ ենք ակնկալում»,– ընդգծել է ՌԴ վարչապետը։
ՌԴ կառավարության ղեկավարը համաժողովի մասնակիցներին հրավիրել է նաև «Սիրիուսում» 2024 թվականին կայանալիք Համաշխարհային երիտասարդական փառատոնին։
Միշուստինն այսօր Սոչի է մեկնել` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի և ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին։ Ծրագիրը նախատեսված է մինչև հունիսի 9-ը։
Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: