Երևանում պարանոցի շրջանում կտրած վերքերով հայտնաբերված երիտասարդը ժամկետային զինծառայող էր

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևանում պարանոցի շրջանում կտրած վերքերով հայտնաբերված երիտասարդը պարտադիր ժամկետային զինծառայող էր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Շտապօգնության բրիգադը հունիսի 6-ին` ժամը 22:10-ին, պարանոցի շրջանում ինքնավնասումով, իր բնակարանից մահացած վիճակում Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխել 2023թ․ մայիսի 5-ից մինչև 2023թ․ հունիսի 18-ը վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի։ Մինչ այդ` 2023թ․ ապրիլի 29-ից, երիտասարդը հոսպիտալում ստացիոնար բուժում է ստացել»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (զինծառայողին ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։
Անհրաժեշտ և անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ են ձեռնարկվում կատարվածի հանգամանքները պարզելու համար։
Հիշեցնենք` Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն ավելի վաղ հայտնել էր, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվածը 21 տարեկան էր։ Հիվանդանոցի բժիշկները սիրտ–թոքային վերակենդանացման աշխատանքներ էին իրականացրել, սակայն գրանցվել է կենսաբանական մահ։