Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքի ուղերթը չեղարկվել է. հայտնի է պատճառը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորների տեղափոխումը ավտոմոբիլային տրանսպորտով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Արտակարգ պատահարի հետևանքով խաթարվել է գնացքների երթևեկությունը դեպի Վրաստան: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։
«Հունիսի 6-ի լույս 7-ի գիշերը առատ տեղումների հետևանքով առաջացած սելավը վնասել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գիծը Ալավերդի-Ախթալա հատվածում։ Մոտ 100 մետր երկարությամբ երկաթուղային գծերը պատվել են գրունտով և ողողվել ջրային հոսքերով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Սելավաջրերը Ալավերդի –Ախթալա ճանապարհին
Երևանից դեպի Թբիլիսի ուղևորատար գնացքը չեղարկվել է, ՀԿԵ-ն օպերատիվ կերպով կազմակերպել է գնացքի շուրջ 100 ուղևորի տեղափոխումը ավտոմոբիլներով:
Դեռ գիշերվանից ՀԿԵ-ի, ԱԻՆ-ի և ՏԻՄ ուժերը աշխատում են արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Աշխատանքներին խոչընդոտում է ջրի և գրունտի չդադարող հոսքը։
Ավելի վաղ ՆԳՆ-ն հայտնել էր, որ հորդառատ անձրևի պատճառով Ալավերդի-Հաղպատ հատվածի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավատարի հեղեղում․ հեղեղվել է մոտակայքով անցնող երկաթգիծը (մոտ 300 մ), ինչի հետևանքով էլեկտրաքարշը դուրս է եկել գծերից։