Երևան-Բաթում-Երևան երթուղով գնացքը կգործի հունիսի 14-ից

Գնացք
Գնացքը կշարժվի երկու օրը մեկ, տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան-Բաթում-Երևան միջազգային երթուղով գնացքը կսկսվի գործել հունիսի 14-ից։ Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» և «Վրացական երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչները Երևանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են երկու երկրների երկաթուղային կազմակերպությունների միջև առկա փոխգործակցության և առավել սերտ համագործակցության հնարավորությունները։
«Կողմերը պայմանավորվել են նաև ուղևորափոխադրումների 2023 թվականի ամառային սեզոնի մեկնարկի մասին։ Տոմսերը հնարավոր կլինի գնել հունիսի 10-ից ինչպես առցանց, այնպես էլ Հայաստանի և Վրաստանի հիմնական կայարանների տոմսարկղերից»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գնացքը կշարժվի երկու օրը մեկ։ Ընդ որում` ամառային չվացուցակի ժամանակ կչեղարկվի Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի երթևեկությունը:
Բացի այդ, կողմերը քննարկել են 2023 թվականի 5 ամիսների ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի և «Վրացական երկաթուղի» ընկերության փոխգործակցության արդյունքները, միջազգային երկաթուղային հաղորդակցությունում կոնտեյներային գնացքների գործարկումը, միջազգային հաղորդակցությունում սակագնային քաղաքականության կատարելագործումը, ուղևորափոխադրումների կազմակերպումը, տոմսերի վաճառքի համակարգի զարգացումը և այլն:
2022 թվականի աշխատանքի արդյունքներով երկաթուղային տրանսպորտով Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է արտահանվել 451 հազար տոննա բեռ, Հայաստանից ներկրված բեռի ծավալը կազմել է 906 հազար տոննա։ Նշված ժամանակահատվածում Վրաստանում գործող բեռնափոխադրողները ՀԿԵ ՓԲԸ-ի հաճախորդներին առաքել են 86,4 հազար տոննա բեռ (քվարցային ավազ, կրաքար, ամոնիումի նիտրատ, կլինկեր):
Հանդիպման արդյունքում կողմերը որոշել են շարունակել աշխատանքը բեռնատար վագոնների շրջանառության կրճատման, արագության բարձրացման, ճկուն սակագնային քաղաքականության կիրառման միջոցով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրումների լրացուցիչ ծավալների ներգրավման և բեռների առաքման արագության բարձրացման ուղղությամբ: