ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում

Հուլիսին եռակողմ հանդիպում է նախատեսված Բրյուսելում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցություններում առաջընթաց կարձանագրվի:
«Բանակցություններն ու երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և համապարփակ խաղաղության հասնելու միակ միջոցն են։ Հետևաբար, երկխոսության շարունակականությունն ու կոնկրետ արդյունքները վճռորոշ նշանակություն ունեն գործընթացի համար, և մենք ողջունում ենք Բաքվի մասնակցությունը հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21 - ին ԵՄ աջակցությամբ, որտեղ պետք է հետագա առաջընթացի հասնել», - նշվածէ ԵՄ հայտարարության մեջ։
Նշվում է, որ Եվրամիությունը ողջունում է մայիսի 14-ին Բրյուսելում ԵՄ հովանու ներքո Ադրբեջանի ու Հայաստանի միջև անցկացված խաղաղ բանակցությունները, «որոնց ընթացքում երկու կողմերը հաստատել են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը»:
«Հունիսի 1-ին Քիշնևում Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ հանդիպումը ևս մեկ անգամ ցույց տվեց նրանց հավատարմությունը գործընթացին», - նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հուլիսի 21-ին Բրյուսելում կկայանա Հայաստանի, Ադրբեջանի և Եվրախորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպումը: