Արարատ Միրզոյանը խոսել է Թուրքիայի նորանշանակ գործընկերոջ հետ

Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը` շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նորանշանակ նախարար Հաքան Ֆիդանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միրզոյանը շնորհավորել է Հաքան Ֆիդանին Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Կողմերն արտահայտել են իրենց պատրաստակամությունը` շարունակել աշխատել երկու երկրների միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Վերընտրվելուց հետո Էրդողանը փոխեց կառավարության կազմը։ Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնում Մևլութ Չավուշօղլուին փոխարինելու եկավ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության նախկին ղեկավար (MİT) Հաքան Ֆիդանը։
Էրդողանը նոր արտգործնախարարին անվանել է իր «գաղտնիքների պահապան»։