ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ադրբեջանի ՊՆ-ն հերթական սուտ տեղեկություններն է տարածել` իբր Արցախից կրակել են իրենց ուղղությամբ, և, իբր, ամրաշինական աշխատանքներ են կատարվում մի քանի ուղղություններով։ Այս մասին հայտնում է Արցախի ՊԲ–ի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանի ՊՆ–ի կողմից տարածված հայտարարությունը, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 7-ին կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու և Շուշիի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Շուշիի շրջաններում ՊԲ–ի կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են նաև Արցախի հետ կապված կեղծ լուրերն այն մասին, իբր ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացում Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։