Տաթև–Լծեն ճանապարահատվածի կառուցումն ավարտված է, Լծեն–Նորավանը շուտով կավարտվի. մարզպետ

Արխիվային լուսանկար
Ռոբերտ Ղուկասյանը նաև անդրադարձել է մարզում առկա այն հողատարածքներին, որոնք մարդիկ չեն կարողանում մշակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Սյունիքի մարզի Տաթև–Լծեն ճանապարահատվածի կառուցումն ամբողջովին ավարտվել է, իսկ Լծեն–Նորավան մասը շուտով կավարտվի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
«Լծենից Նորավան տանող հատվածի բացումը կլինի շատ շուտով, շաբաթների մասին է խոսքը։ Դրանից հետո ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծվի»,– ասաց Ղուկասյանը։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հաշվարկված է, թե մոտավորապես քանի հեկտար տարածք մարդիկ չեն կարողանում մշակել, նա նշեց.
«Դեռ վերջնական հաշվարկներ չկան, որովհետև ամենօրյա ռեժիմով այնտեղ տարբեր աշխատանքներ են իրականացվում»։
Հիշեցնենք` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2021 թվականի դեկտեմբերին Sputnik Արմենիային հայտնել էր, որ Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատումը կավարտվի 2022 թվականի աշնանը։ Նա նշել էր, որ Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհը (որը կապում էր Հայաստանը Իրանի հետ) փակելուց հետո առաջին փուլում իշխանությունները վերանորոգել են Տաթև-Կապան այլընտրանքային ճանապարհը, հետո անցել են երկրորդ փուլին՝ այդ ճանապարհի բարդ հատվածների համար շրջանցումների կառուցմանը։