Սևանն այս տարի էլ կկանաչի, կլինեն դժվարություններ. նախարար

Այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն այս տարի ևս թույլտվություն կտա Սևանից ջուր բաց թողնել ոռոգման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Սևանա լիճն այս տարի էլ կկանաչի, կլինեն դժվարություններ։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ տեղեկացրեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Սևանա լճի մակարդակի պահպանումը բոլորիս խնդիրն է։ Այս ուղղությամբ տարածքային կառավարման նախարարության և մարզպետների հետ ակտիվ աշխատում ենք։ Այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ, և մենք հիմա պարտավորված ենք Սևանից ջուր բաց թողնել ոռոգման համար։ Այս տարի այդ առումով մեզ լավ տարի չի սպասվում, և, ցավոք, Սևանն այս տարի էլ կկանաչի, դժվարություններ կունենանք»,– հայտարարեց նախարարը։
Ըստ նրա` սակավաջրության տարիներ ունենալու ընթացակարգեր չկան, եղածն էլ բավականին թերի է։ Այս պահին գերատեսչությունն աշխատում է այս ուղղությամբ, ինչպես նաև փորձում ջրային այլ պաշարներ գտնել և ուղղել ոռոգման նպատակով, որպեսզի Սևանից քիչ ջուր բաց թողնվի։
Սևանի կանաչ ջրիմուռները թունավոր չե՞ն. նախարարությունը հետազոտություն է արել
Նշենք, որ Սևանա լճի մակարդակը 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ նվազել է։ Լճի մակարդակը ծովի մակերևույթից 1900 մ 38 սմ բարձրության վրա է, նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն իջել է 14 սանտիմետրով։
Հավելենք, որ Սևանա լճում ջրիմուռների (նաև ցիանոբակտերիաների) ծաղկումը հիմնականում պայմանավորված է ֆոսֆորի և ազոտի միացությունների մեծ քանակությամբ, որը ծառայում է որպես սննդանյութ, ջրի բարձր ջերմաստիճանով, լույսի բավական մեծ ինտենսիվությամբ և լճի մակարդակի իջեցմամբ։
Ինչո՞ւ է Սևանն այս տարի ավելի շուտ սկսել կանաչել. մասնագետը` լճի խնդիրների մասին