Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները ազատման դիմում են գրել

Գևորգ Բաղդասարյանը, Պետրոս Պետրոսյանը. Արխիվային լուսանկար
Պատճառների մասին չի հաղորդվում, իսկ գլխավոր դատախազությունից տեղեկությունը չեն մեկնաբանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը և Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը աշխատանքից ազատման դիմումներ են գրել։
Տեղեկությունը դատախազությունից չեն մեկնաբանել։
«Փաստինֆոն» ազատման դիմումների վերաբերյալ գրում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Գևորգ Բաղդասարյանի հարաբերությունները բավականին լարված են եղել, և Աննա Վարդապետյանը վաղուց է ցանկացել «ազատվել» ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրը համարվող Գևորգ Բաղդասարյանից։
«Դավթյանի կադրերից համարվող Պետրոս Պետրոսյանը, ըստ շրջանառվող լուրերի, Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ երեկ ազատվել է Կոտայքի դատախազի պաշտոնից և նշանակվել Դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնում»,–գրում է կայքը։
Նշենք, որ Գևորգ Բաղդասարյանը 2018 թվականից 2020 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2020 թվականի օգոստոսի 24–ից Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալն է։ Իսկ Պետրոս Պետրոսյանը ՀՀ Կոտայքի մարզի դատախազ է նշանակվել 2020 թվականին։ Նախքան դա նա զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի պաշտոնը