ՌԴ և ԻԻՀ հյուպատոսություններն անվտանգային առումով դրական կլինեն. Սյունիքի մարզպետ

Ռոբերտ Ղուկասյանը հույս ունի, որ Իրանի հյուպատոսությունը վերջինը չի լինի Սյունիքի մարզում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզում Ռուաստանի և Իրանի հյուպատոսությունների առկայությունն անվտանգային առումով կարող է դրական նշանակություն ունենալ։ Այս մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ղուկասյանը:
«Երկու դեպքում էլ մեծ աշխատանք է կատարվել և մեծ ազդեցություն կարող է ունենալ»,– ասաց մարզպետը` խոսելով Իրանի հյուպատոսության աշխատանքի և ՌԴ հյուպատոսության հնարավոր բացման մասին։
Նա հույս հայտնեց, որ Իրանի հյուպատոսությունը վերջինը չի լինի Սյունիքում։
Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի ՀՀ Սյունիքի մարզում։
ՀՀ ԱԳՆ–ն դրական էր արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա 2022-ի հոկտեմբերի 21–ին ՀՀ Սյունիքի մարզկենտրոն Կապանում հանդիսավոր արարողությամբ բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ և ԻԻՀ արտգործնախարարները։