Քվոտաներ սահմանելով` նախարարությունը հույս ունի ձկնորսությունն օրինականացնել

Արխիվային լուսանկար
2022 թվականի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարությունը 10 մլն դրամ է հատկացրել «Սևան» ազգային պարկում սիգի և խեցգետնի պաշարների հաշվառման համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Սևանա լճում ձկնորսությունն օրինականացնելու համար ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2022 թ. ընթացքում 600 տոննայի քվոտա է հատկացրել 800 ձկնորսի։ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թ. պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության ժամանակ հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Սևան ազգային պարկում 2022 թ. ընթացքում 10 մլն դրամի հատկացում ենք արել` սիգի և խեցգետնի պաշարների հաշվառման համար։ Արդյունքում, լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել»,– վստահեցրեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ 600 տոննայի քվոտա են սահմանել, որն ի տարբերություն 2021 թ., 2022 թվականին ամբողջությամբ իրացվել է։ Քվոտաներում ներգրավված է եղել 800 ձկնորս, և արդյունքում 37.6 մլն դրամի բնօգտագործման վճար է ստացվել։
Ըստ նախարարի` քվոտայի սահմանումը սկսել են 2020 թ.։ Նպատակն է եղել հաշվարկել ձկնատեսակի պաշարները և, ըստ էության, ձկնորսությունը բերել օրինական դաշտ։ Այժմ Չեխիայի գործընկերների հետ ևս Սևանա լճում անցկացնում են ձկան պաշարների հաշվառում` ունենալու համար այլընտրանքային հաշվարկ։
Փորձել են իշխանի ձկնկիթի փոխարեն այլ արտադրանք արտահանել. ՊԵԿ–ը կանխել է
Հակոբ Սիմիդյանը նաև նշեց, որ Սևանի ձկնկիթի արտահանումը արգելվել է ինչպես 2022, այնպես էլ 2023 թթ., և այս ծրագիրը շարունակական է լինելու։
Ինչ վերաբերում է իշխանի բազմացմանը, ապա նախարարը տեղեկացրեց, որ այդ նպատակով 2022 թվականին 300 մլն դրամ է հատկացվել։
Նշենք, որ ապրիլի 10–ին Սևանա լճում ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2023 թվականի որսաշրջանի համար ՀՀ կառավարությունը սահմանել էր 300 տոննա։ Կառավարության որոշմամբ նաև սահմանվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։