Քանաքեռ–Զեյթուն համայնքի ղեկավարն ու ավագանին մանկապարտեզների շենքեր են վաճառել

Մանկապարտեզ. Արխիվային լուսանկար
4 նախկին մանկապարտեզների շենքեր օտարվել են որպես ոչ բնակելի տարածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում գործած մի քանի մանկապարտեզների շենքեր օտարվել են համայնքի ավագանու և ղեկավարի որոշմամբ։ ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում քննության առարկա են դարձել համայնքին սեփականության իրավունքով փոխանցված մանկապարտեզների օտարման գործընթացները:
Ընդգծվում է, որ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված ուսումնական հաստատությունը, այս դեպքում` նախակրթական հաստատությունը, օտարվելու դեպքում չի կարող օգտագործվել այլ նպատակներով։
«Քրեական վարույթների ուսումնասիրությամբ պարզվել է, որ մի շարք մանկապարտեզներ օտարվել են որպես ոչ բնակելի տարածքներ, իսկ որոշ դեպքերում՝ ներառվել բնակելի ֆոնդում»,– տեղեկացնում են դատախազությունից։
Նկատի առնելով սա` Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունը հունիսի 5-ին Վարչական դատարան է ներկայացրել 5 հայց։ Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել մանկապարտեզների տարածքներն օտարելու վերաբերյալ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի համապատասխան որոշումները։
Նշենք, որ կայացված որոշումներով օտարվել են, մասնավորապես, թիվ 147 և 199 նախկին մսուր–մանկապարտեզները, թիվ 132, 159 մանկապարտեզները։