Միայն մայիսին Հայաստան է այցելել մոտ 180 հազար զբոսաշրջիկ

Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրած զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնությունը մեր երկիր է ժամանել Ռուսաստանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Այս տարվա մայիսին Հայաստան 176 հազար զբոսաշրջիկ է այցելել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն։
Նշվում է, որ այս տարվա մայիսյան այցելությունների թիվը լավագույն վիճակագրական տվյալն է նախորդ տարիների համեմատ։ Օրինակ, 2019 թվականի մայիսին Հայաստան է այցելել 146 հազար զբոսաշրջիկ, 2022–ին` 116 հազար:
Մայիսին ևս գերակշռում են ռուս զբոսաշրջիկները, ընդհանուր թվի 52 տոկոսը Ռուսաստանից Հայաստան ժամանողներին է բաժին հասել։ Երկրորդ տեղում Վրաստանն է` 12 տոկոս, երրորդում Իրանը` 6 տոկոս։ Մայիսին ունեցել ենք զբոսաշրջիկներ նաև ԱՄՆ–ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Չինաստանից, Հնդկաստանից, ինչպես նաև Ուկրաինայից և Բելառուսից։
Մեկ զբոսաշրջիկը Հայաստանում միջինը 1200 դոլար է ծախսում. Քերոբյան
Նշենք, որ 2023 թվականի առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել 806 004 մարդ։ Այս ցուցանիշը գրեթե երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա արդյունքները։
2022 թվականի առաջին հինգ ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքը կազմել է 464 231 մարդ։