ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Խուզի մրցույթ, ցուցահանդես–վաճառք, համերգային ծրագիր, Սյունիքի ազգային խոհանոցի և տեղական մշակույթի ցուցադրություն... Սյունիքի մարզի Խոտ գյուղում հունիսի 10–ին երեք տարվա դադարից հետո կանցկացվի Ոչխարների խուզման փառատոնը։
Փառատոնի համակարգող Ալլա Ղազարյանը Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում վստահեցրեց, որ փառատոնը վերադառնում է ավելի հագեցած և հետաքրքիր ձևաչափով։ Նպատակն է Սյունիքի մարզում խթանել զբոսաշրջությունը և ճանաչելի դարձնել Սյունիքի մարզի տեղական արտադրանքը, մշակույթը, ավանդույթները։
Ալլա Ղազարյան
© Sputnik / Andranik Ghazaryan
«Փառատոնի շնորհիվ տեղական համայնքը հնարավորություն է ունենում որոշակի եկամուտներ ձևավորել։ Նախորդ տարիներին մարզ միայն փառատոնի շրջանակներում շուրջ 4000 զբոսաշրջիկ է այցելել, որից 30-40 տոկոսը օտարերկրացիներ են եղել, իսկ այցելուների ճնշող մեծամասնությունը գիշերել են Սյունիքում` այդպիսով նպաստելով հյուրատներին և զբոսաշրջային ծառայություն մատուցող կառույցներին»,–ասաց Ղազարյանը։
Սպասվող միջոցառումներից նա առանձնացրեց «Լավ էլի» բենդի համերգը, որը լինելու է փառատոնին զուգահեռ, նախատեսվում է ցուցահանդես–վաճառք, տեղական ձեռագործ աշխատանքների, տարազների ցուցադրություն, համեղ ուտեստներ սյունեցիների կողմից պատրաստված, կցուցադրվի բրդից կարպետ ստանալու ողջ պրոցեսը, որին այցելուները ոչ միայն կարող են ականատես լինել, այլ նաև մասնակցել։ Եվ, իհարկե, ամենագլխավորը` անցկացվելու է խուզի մրցույթը։
«Փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը, և խուզի մրցույթի համար մասնակիցներ են ընտրվել տարբեր մարզերից` 12 խուզողներ, որոնք ցույց են տալու խուզ անելու հմտությունները` ձեռքով, արագ և առանց կենդանուն վնասելու։ Իսկ ժյուրիի կազմում ընդգրկված են մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ագրարային համալսարանի մասնագետներ, պրոֆեսիոնալ խուզ անողներ, անասնաբույժներ»,–ասաց Ղազարյանը` հավելելով՝ փառատոնին և համերգային ծրագրին բոլորի համար մուտքն ազատ է։
Փառատոնի կազմակերպիչները նշում են, որ շատ մեծ հետաքրքրություն կա հատկապես զբոսաշրջիկների շրջանում։
«Արդեն իսկ նամակներ ենք ստացել` լինելու է թե ոչ փառատոնը, շատ մեծ հետաքրքրություն կա զբոսաշրջիկների շրջանում, և փորձում ենք հասանելի դարձնել ինֆորմացիան օտարերկրացիների համար` ինչպես մասնակցել փառատոնին»,–ասաց ոչխարների խուզման փառատոնի հանրային կապերի պատասխանատու Աննա Պողոսյանը։
Ինչ վերաբերում է անվտանգային հարցերի վերաբերյալ մտահոգություններին, որն առաջացել էր Սյունիքում հակառակորդի ռազմական գործողություններից հետո, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Աննա Մարգարյանը ընդգծում է, որ Վայոց Ձորում և Սյունիքում նման փառատոններին իրենց աջակցությամբ ցույց են տալիս զբոսաշրջիկներին, որ այնտեղ ապահով և անվտանգ է։
Աննա Մարգարյան
© Sputnik / Andranik Ghazaryan
«Մենք մեր մեսիջները փոխանցում ենք ինչպես միջազգային պարբերականների հետ աշխատանքի շրջանակներում, որտեղ ինֆորմացիա ենք տալիս, որ ՀՀ ամենագեղեցիկ մարզերից մեկում` Սյունիքում լինելու է այդ փառատոնը, այնպես էլ մեր էջերում ներկայացնում ենք միջոցառումների ցանկը։ Իրականացնում ենք նաև ճանաչողական այցերի ծրագիրը, փառատոնների ժամանակ հրավիրելով թիրախային երկրներից մեդիաներկայացուցիչների»,–ասաց Մարգարյանը։
Նշենք, որ այս տարի փառատոնն անց է կացվում նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ՝ «Դը Ռանչ» ՍՊԸ-ի ու «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի հետ համատեղ։