Ինչու Արամ Խաչատրյանը չէր ուզում ստեղծել «Սուսերով պարը» և ինչ ստացվեց դրանից

Արամ Խաչատրյան
Sputnik
2023 թվականի հունիսի 6-ին լրանում է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը։ Կոմպոզիտոր, որի անունը մակդիրների կարիք չունի: Խաչատրյանի տաղանդի ապացույցն են նրա անմահ երաժշտական ստեղծագործությունները։ Ստեղծագործություններից մեկի՝ աշխարհահռչակ «Սուսերով պարի» պատմությունը, Sputnik Արմենիայի սյունակագրի նյութում։
Ի՞նչը կարող է ավելի տաղտկալի լինել, քան գերմանացի դիվերսանտների դեմ խորհրդային կոլտնտեսականների պայքարի մասին բալետի համար երաժշտություն գրելը։ Ու չնայած բազմաթիվ փոփոխությունների արդյունքում զավթիչների դեմ հայրենասերների պայքարի թեման կորավ և մնաց միայն սիրո պատմությունը, բայց փաստն այն է, որ բալետի երաժշտությունը գրվել է 1942-ի աշնանը` սառը և սոված Պերմում, որտեղ տարհանված մարդիկ մոտեցնում էին հաղթանակը, ինչպես կարողանում էին։
Եկատերինբուրգում անցկացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված փառատոն
Արամ Խաչատրյանը կարողանում էր։ Երաժշտությամբ։ Օր ու գիշեր աշխատում էր «Գայանե» բալետի վրա, կարելի է ասել՝ վերջակետը դրեց, և այդտեղ էլ ստացավ Կիրովի (այնուհետև Լենինգրադի, ներկայումս՝ Մարիինյան) օպերայի և բալետի թատրոնի տնօրենի հրահանգը ևս մի տեսարան ավելացնել։
Ինչի՞ համար։ Արամ Իլյիչը վիճում էր, չէր համաձայնում, և նրան կարելի է հասկանալ։ Նույնն է, ինչ եթե տաղանդավոր հրապարակախոսը որևէ խոշոր, ամբողջական, տառապանքով անցած հոդված գրի, հազար անգամ ընթերցի-վերընթերցի, նորից ու նորից ուղղի, հղկի, հասցնի զրնգուն վիճակի, և հանկարծ պահանջեն կողքից ևս մի կտոր ավելացնել։ Խաչատրյանը կատաղեց, վճռական «ոչ» ասաց, բայց ժամանակներն այնպիսին էին, որ «Պարտիան ասաց «պետք է», կոմսոմոլն ասաց «Ճիշտ այդպես»»:
Չմոռանանք նաև, որ պատերազմ էր, և ամեն ինչ արվում էր պատերազմական ժամանակների օրենքով։
Արամ Խաչատրյանն ու կինը՝ Նինա Մակարովան
Կարճ ասած` կոմպոզիտորն իրեն ստիպեց նստել դաշնամուրի մոտ և կատաղությանը շատ մոտ հոգեվիճակում լրացնել պարտիտուրան։ Հատվածը գրվեց 7 ժամում և կոչվում էր «Քրդերի պարը», բայց համաշխարհային երաժշտության պատմության մեջ մտավ որպես «Սուսերով պար»:
Ասում են. «Տեսնել Փարիզն ու մեռնել», նկատի ունենալով առավելագույն երազանքը, թե Փարիզը տեսար, էլ ոչինչ պետք չէ։ Մեր դեպքում լսում ու համաձայնվում ես Ջոն Լենոնի հետ. «Այն ամենը, ինչ խլում է կյանքը, երաժշտությունը վերադարձնում է»:
«Սուսերով պարը» նոր կյանք տվեց մարդկանց, ստիպեց հավատալ հաղթանակին և իրենք իրենց:
«Գայանե»-ի հաջողությունը հսկայական էր։ Արդեն երեք ամիս անց «Известия» թերթը հրապարակեց Ստալինի ստորագրությամբ կարգադրությունը Արամ Խաչատրյանին առաջին աստիճանի պարգև և հարյուր հազար ռուբլի գումարային պարգևատրում շնորհելու մասին։ Գումարը կոմպոզիտորը փոխանցեց պաշտպանության հիմնադրամին։
Իսկ «Правда»-ում տպագրվեց կոմպոզիտոր Դմիտրի Կաբալևսկու հոդվածը։ Նա նույնպես հիանում էր «Գայանե»-ով, սակայն նշում էր, որ «բացարձակ անհասկանալի է երեք գերմանացի գործակալների դերը, որոնք հավաքագրում են Գայանեի ամուսնուն, որ նա այրի կոլտնտեսության բամբակը»։ Ինչ ճիշտ է` ճիշտ է, բամբակը հրկիզող ֆաշիստները բալետում նույնքան տեղին էին, որքան թամբը կովի մեջքին։
Իսկ Հայաստանում Գայանեն կանանց ամենատարածված անունը դարձավ, և հետաքրքիր է, որ բալետի ծնունդից 81 տարի է անցել, բայց գայանեներն առաջվա պես ամենուր են։ Անունը նշանակում է «տան օջախ», այդպիսի կինը թեև կանացի է, բայց անհրաժեշտության դեպքում կարող է կոշտ բնավորություն ցուցաբերել։
Նախորդ դարի քառասունականներին «Սուսերով պարը» հիթ դարձավ ԱՄՆ-ում։ Երաժշտական ամսագրերը մինչև օրս նշում են, որ այդ ստեղծագործությունը հայտնի է աշխարհի յուրաքանչյուր էստրադային նվագախմբի։ Արամ Խաչատրյանն ինքը «Неделя» թերթին («Известия»-ի կիրակնօրյա հավելվածը) ասել է․ «Եթե իմանայի, որ այն այդպիսի հռչակ կստանա և կսկսի արմունկներով դեսուդեն հրել իմ մյուս ստեղծագործությունները, երբեք չէի գրի այն»։
Գրաֆիտ Արամի փողոցում
Մասնավորապես՝ «Տոկատա»-ն, «Առաջին» և հաջորդ սիմֆոնիաները, ֆիլմերի և Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի թատերական ներկայացումների համար գրված երաժշտությունները, իսկ ավելի ճշգրիտ՝ երեք կոնցերտ, նույնքան կոնցերտ-ռապսոդիա, բալետներ, ստեղծագործություններ մենակատարների համար, կամերային ստեղծագործություններ, երգեր ու ռոմանսներ, երաժշտություն դրամատիկական ներկայացումների և 17 ֆիլմի համար։
Դրա հետ մեկտեղ․ Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ԽՍՀՄ ՆԳՆ ակադեմիայի մշակույթի համալսարանի ռեկտոր և սա դեռ ամենը չէ, բայց բոլորը՝ լիակատար նվիրումով և սեփական ցանկությամբ։
«Սուրճ՝ պարոն Մանարյանի համար», կամ հայկական հայրենադարձության որոշ յուրահատկությունները
Այո, անմահ «Սուսերով պարը» Խաչատրյանը գրել է ոչ թե շնորհիվ, այլ ի հեճուկս, իսկ ահա Հայաստանի հիմնի պարագայում լիակատար փոխըմբռնում էր, ոչ մի տվայտանք, տառապանք ու հակասություն։ 1944 թվականին կոմպոզիտորը եկավ Երևան՝ իր հայրենիքի գլխավոր երգի վրա աշխատելու։ Մի օր, ուշ երեկոյան, նստեց դաշնամուրի առաջ, և հնչեց երաժշտությունը, որը հետո տասնամյակներ շարունակ հոտնկայս էին լսում։
Բառերը գրեց Սարմենը (Արմենակ Սարգսյան), երաժշտությունը՝ Արամ Խաչատրյանը, համատեղ ջանքերով ծնվեց Հայկական ԽՍՀ-ի հիմնը, որը հնչեց մինչև 1991 թվականի հուլիսի 1-ը։ Խաչատրյանի երաժշտության վերադառնալու մասին խոսակցությունները մինչև օրս չեն լռում։
Եվ վերջապես, որտեղի՞ց էին երաժշտության հանդեպ սերն ու տաղանդը։ Տաղանդը, ինչպես հայտնի է, Աստծուց։ Սերը՝ այն քաղաքից, որտեղ ծնվել էր։ Հետագայում Խաչատրյանը կգրի․ «Հին Թիֆլիսը երաժշտական քաղաք է։ Բավական է անցնել կենտրոնից հեռու գտնվող փողոցներով ու նրբանցքներով, որպեսի սուզվես երաժշտական մթնոլորտի մեջ, որը ստեղծում են ամենատարբեր աղբյուրները․․․»
Արամ Խաչատրյանի արձանը Երևանի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճի մոտ
Նա ուշ կսկի երաժշտությամբ զբաղվել՝ 19 տարեկանում։ Մինչ այդ իմպրովիզներ էր անում՝ լսողությամբ տարբեր մեղեդիներ ընտրելով։ Ծնողները հին դաշնամուր ունեին, որի վրա էլ նվագել էր սովորում (մի շտապեք դեն նետել հին դաշնամուրները, եթե տանը երեխաներ են մեծանում)։
1921 թվականի տեղափոխվեց Մոսկվա, ընդունվեց Գնեսինների անվան երաժշտական ուսումնարան՝ թավջութակի բաժին։ Ապա՝ Մոսկվայի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժին, գրեց առաջին ստեղծագործությունը։ Կոչվում էր «Պար»։ Իբրև «Սուսերով պարի» նախանշան։
Մեծ կոմպոզիտորի հիշատակին անվանակոչվել են Մոսկվայի մանկական երաժշտական դպրոցը, փողոցներ Մոսկվայում, Սիմֆերոպոլում, Աստանայում ու Երևանում, «Աէրոֆլոտ» ընկերության ինքնաթիռը, փոստային նամականիշերը և, վերջապես, Երևանի Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճը, որտեղ քանդակված է «Սուսերով պարի» հեղինակը, կոմպոզիտոր, առանց որի մենք չենք կարող: