ՀՀ–ում կարմրուկի համաճարակային իրավիճակն անբարենպաստ է. ԱՆ–ն հորդորում է պատվաստվել

Լաբորատորիա
Համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով զբոսաշրջության ակտիվությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Հայաստանում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է. մարտի 3-ից մինչ օրս գրանցվել է կարմրուկի լաբորատոր հաստատված 209 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ գրանցված դեպքերից 8-ը վերջին օրերին ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացիներ են, որոնք հիվանդացել են հենց շրջագայության ընթացքում։
Նախարարությունը զգուշացնում է, որ կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով զբոսաշրջության ակտիվությունը:
«Հանգստի մեկնելուց առաջ բոլոր նրանք, ովքեր պատվաստված չեն կամ թերի են պատվաստված կարմրուկի դեմ, ինչպես նաև նախկինում չեն հիվանդացել, խորհուրդ է տրվում մեկնելուց առնվազն 10 օր առաջ պատվաստվել կարմրուկի դեմ»,– ասված է հաղորդագրությունում։
Գերատեսչությունը հիշեցնում է, որ կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Յուրաքանչյուրը, ով չի պատվաստվել կարմրուկի դեմ, կարող է դիմել պոլիկլինիկա:
Հավելենք, որ կարմրուկի առումով համաճարակային իրավիճակը շարունակում է լարված մնալ աշխարհում։ 2022 թվականին նախորդ տարվա համեմատ կարմրուկի դեպքերն աճել են մոտ 80%-ով։ Միտումը շարունակվում է։ Դեպքեր գրանցվում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում:
Երեխան պատվաստված է եղել, բայց վարակվել է կարմրուկով. ՀՀ ԱՆ–ն հետաքննություն է սկսել