Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգման հեռանկարը

Գրիգորյանն ու Կլաարը քննարկել են Երասխ-Հորադիզ երկաթուղու վերականգման հեռանկարը
Զրուցակիցները խոսել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման հեռանկարներն այսօր քննարկել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ կառավարությունում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները, այդ թվում՝ Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարները, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
Այս հանդիպումից հետո հայտարարվեց, որ ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: