Ղրղզստանում ձերբակալել են պետական հեղաշրջման փորձի մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու

Ընդհանուր առմամբ, դավադիրների խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Ղրղզստանի հատուկ ծառայությունները պետական հեղաշրջման նախապատրաստման մեջ կասկածվող ավելի քան 30 մարդու են ձերբակալել: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Ձերբակալվել են անձինք, որոնք պլանավորում էին զանգվածային անկարգություններ և անհնազանդության ակցիաներ կազմակերպել իշխանությունը բռնի զավթելու նպատակով»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` ընդհանուր առմամբ դավադիրների խմբում ավելի քան հարյուր մարդ է եղել։ Հունիսի 5–ին նրանցից ավելի քան 30-ը ձերբակալվել են և արդեն խոստովանական ցուցմունքներ են տվել։
Հետաքննության վարկածով` հիմնական կազմակերպիչն ու գաղափարական ոգեշնչողը քաղաքացիական ակտիվիստ և «Էլդիկ Քենեշ» («Ժողովրդական խորհուրդ») քաղաքական կուսակցության նախագահ Ն.Ռ.Ս.-ն է (կառավարության սոցիալական բաժնի նախկին ղեկավար Ռոզա Նուրմատովան,–խմբ.):
«Պետական հեղաշրջման փորձ», «երկրորդ ճակատ». ՔՊ–ականները մեկնաբանում են գիշերվա ակցիաները
«Նշված հանցավոր խումբը մեկ տարի շարունակ նպատակաուղղված աշխատանք է իրականացրել երկրի ողջ տարածքում համակիրներ ներգրավելու և առավել դժգոհ քաղաքացիներին հավաքագրելու ուղղությամբ: Ռոզա Նուրմատովայի ղեկավարությամբ պարբերաբար անցկացվել են գաղտնի հանդիպումներ, որոնք ուղղված են եղել պետական կառույցների դեմ ներգրավված անձանց գաղափարական մշակմանը` իշխանության բռնի զավթման ծրագրերի քննարկմամբ»,-հստակեցրել են մամուլի ծառայությունում:
Պետական կոմիտեի տվյալներով` մոտ ժամանակներս արտասահմանյան աղբյուրներից զգալի դրամական միջոցների ստացում էր սպասվում կազմակերպչական հարցերը ֆինանսավորելու և հիմնական ֆունկցիոներներին վճարելու համար։
«Դավադիրները ենթադրում էին իրենց հանցավոր մտադրությունների իրականացման ակտիվ փուլը սկսել որևէ միջադեպի վերաբերյալ հասարակության շրջանում դժգոհության առաջացումից անմիջապես հետո»,-ընդգծել են պետական անվտանգության ծառայությունում:
Գվինեայում պետական հեղաշրջման փորձ է․ լուրեր են պտտվում նախագահի ձերբակալման մասին
Նշվում է, որ բոլոր ձերբակալվածները գտնվում են Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում, հետաքննությունը պարզում է մասնակից այլ անձանց ինքնությունը։