ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ֆրանսիացի թենիսիստ Լյուկա Պույը Ֆրանսիայի բաց առաջնությունում իր ելույթի ժամանակ գողության զոհ է դարձել: Տեղեկությունը հայտնում է Le Journal du Dimanche-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ երբ Պույը գտնվել է Փարիզում՝ «Ռոլան Գարոսի» մրցաշարին, հանցագործները մտել են Ռենում գտնվող նրա տուն ու գողացել նրա թանկարժեք իրերն ու շքեղ ժամացույցները, որոնց ընդհանուր արժեքը մոտ 600 հազար եվրո է կազմում:
Նշվում է, որ Պույի տան վրա հարձակումն իրականացվել է հունիսի 2-ին, երբ նա խաղում էր «Ռոլան Գարոսի» առաջին շրջանում՝ խառը կարգում: Թենիսիստը ներխուժման հետքեր է հայտնաբերել, երբ տուն է վերադարձել «Մեծ սաղավարտի» մրցաշրջանի երկրորդ մրցաշարում ելույթն ավարտելուց հետո: