ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու առաջարկ ներկայացնել խորհրդարանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Մենք խորհրդարանի քննարկմանը կրկին կներկայացնենք Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մեր առաջարկը, որը մենք արդիականացրել ենք դեռ ընտրություններից առաջ», - ասել է Էրդողանը նոր կառավարության առաջին նիստից հետո բնակչությանը հղած ուղերձում:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան նոր Սահմանադրության կարիք ունի, որը կդառնա երկրի հետագա զարգացման գրավականը, մայր օրենքի նոր խմբագրության նախապատրաստումը շարունակվում է: Թուրքիայի նախագահը կոչ է արել երկրի բոլոր քաղաքական ուժերին ակտիվորեն մասնակցել նոր Սահմանադրության նախագծի մշակմանը: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի ներկայիս Սահմանադրությունը, որն ընդունվել է 1982 թվականին, այլևս չի համապատասխանում այսօրվա մարտահրավերներին։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։
Էրդողանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։