Ձգումներ և վազք. «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները ստուգարք են հանձնել

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները ստուգարք են հանձնել
Ակտիվ ընթացքում է քննությունների փուլը, առջևում այլ ստուգարքներ կան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ստուգումներն անցել են ԶՈւ ուսումնական կենտրոններում։
«Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։ Ուսումնական պատրաստության փուլի ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը։ Հենց այդ ուսումնական պարտաստությունների շնորհիվ էլ քննական փուլի պահանջները զինծառայողներն առանց դժվարությունների են անցել»,– ասված է հաղորդագրությունում։
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները ստուգարք են հանձնել
Հիշեցնենք` ՀՀ Ազգային ժողովը 2022 թվականի դեկտեմբերին ընդունեց «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, ըստ որի` 18-ամյա զինծառայողը 6 ամիս ծառայելուց հետո կարող է 5 տարով դառնալ պայմանագրային զինծառայող, ստանալ մինչև 380 հազար դրամ աշխատավարձ և օգտվել պայմանագրային զինծառայողի բոլոր արտոնություններից։
Պայմանագրի ժամկետի ավարտից կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամ զորացրվելուց հետո զինծառայողը, ըստ օրենքի, կստանա 5 մլն դրամ պարգևավճար։