Բելգիայի դեսպանին վճռական բողոք են հայտնել Մոսկվայում. ՌԴ ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ
Մոսկվան Բրյուսելին հորդորել է աչք չփակել Կիևյան ռեժիմի կողմից ահաբեկիչներին աջակցելու մասին վկայություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ռուսաստանում Բելգիայի դեսպան Մարկ Միխելսոնն այսօր ՌԴ ԱԳՆ է կանչվել։ Նրան բողոքի նոտա են ներկայացրել Բելգորոդի մարզում դիվերսիոն խմբավորումների կողմից բելգիական արտադրության զենքի կիրառման փաստերի կապակցությամբ։
«Հունիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպան Միխելսոնը, որին վճռական բողոք է ներկայացվել մայիսի 22-ին Բելգորոդի մարզի տարածքում ահաբեկչական փորձեր կատարած դիվերսիոն խմբավորումների կողմից բելգիական արտադրության զենքի կիրառման բացահայտված փաստերի կապակցությամբ», – ասվում է ՌԴ ԱԳՆ–ի տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։
ՌԴ արտաքին գերատեսչությունն ընդգծել է, որ Մոսկվան կոչ է անում Բրյուսելին աչք չփակել Կիևյան ռեժիմի կողմից ահաբեկիչներին աջակցելու մասին բազմաթիվ վկայություններին։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հավելել է, որ ահաբեկիչների թիրախ են դառնում խաղաղ բնակչությունը և ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։
Հիշեցնենք` մայիսի 22-ին ուկրաինական դիվերսիոն–հետախուզական խումբը ներխուժել էր Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի տարածք, որից հետո շրջանում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր սահմանվել։ Հաջորդ օրը ՌԴ ՊՆ–ն հայտարարել էր, որ Բելգորոդի մարզ մտած ուկրաինական ազգայնական խմբավորումները ջախջախվել են, ավելի քան 70 ահաբեկիչ է ոչնչացվել։ Երեկոյան հակաահաբեկչական գործողության ռեժիմը չեղարկվել էր։ ՌԴ ՔԿ–ն հայտարարել է վեց հոդվածով քրեական գործ հարուցելու մասին (այդ թվում` ահաբեկչական ակտ հոդվածով)։
Բելգորոդի մարզի իշխանությունների տվյալներով` ուկրաինացի դիվերսանտների գործողությունների հետևանքով 13 մարդ է վիրավորվել։ Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է, որ մեկ խաղաղ բնակիչ է մահացել։