ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ արտախորհրդարանական ուժերը դժգոհ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նշվում է, որ Փաշինյանը Հայաստանում ժողովրդավարության շղարշ ստեղծելու համար պարբերաբար հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական ուժերի հետ:
«Արտախորհրդարանական ուժերը դժգոհ են այդ ֆորմատից, ասում են, որ հանդիպումները ձևական բնույթ են կրում. Փաշինյանը հանդիպում, լսում է իրենց, լուսանկարվում, բայց իրականում հանդիպումները ոչինչ չեն փոխում, առաջարկներն էլ օդում են մնում: Իրականում Փաշինյանն իրենց ասածները հաշվի չի առնում, անում է այն, ինչ ուզում է»,–գրում է օրաթերթը:
Ըստ լրատվամիջոցի` արտախորհրդարանական ուժերի մեծ մասն այս պատճառով այլևս չի ցանկանում մասնակցել այդ հանդիպումներին, քանի որ գիտակցում է՝ այդ հանդիպումները զուտ ձևական բնույթ ունեն։
«Միայն Փաշինյանն է այս հանդիպումների միջոցով ժողովրդավարության ֆոն ստեղծում, հանդիպումները ուրիշ ոչ մեկին ոչինչ չեն տալիս»,–գրում է օրաթերթը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ մայիսի 10–ին է հանդիպել արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ:
Հանդիպմանը մասնակցել են «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանը, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Մհեր Տերտերյանը, Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը, «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը: