ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ԱՄՆ վարչակազմը բավարար միջոցներ ունի, որպեսզի մինչև աշուն օգնություն հատկացնի Ուկրաինային։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս հայտարարությունն արել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Մենք բավականաչափ ֆինանսավորում ունենք, որպեսզի աջակցենք Ուկրաինային և նրա գործողություններին մարտի դաշտում մինչև ընթացիկ ֆինանսական տարվա ավարտը »,– ասել է նա ճեպազրույցի ժամանակ:
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ եթե լրացուցիչ ֆինանսավորում պահանջվի, ապա այն կխնդրեն Կոնգրեսից:
«Դա կարվի ճիշտ ժամանակին, սակայն այս փուլում նման անհրաժեշտություն չկա», - վստահեցրել է նա:
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար նախատեսված ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ ՆԱՏՕ-ի երկրները, Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով, կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն է թողնում։