ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Ադրբեջանի շատ մեծ պետական պարտքը կարող է կասկածի տակ դնել երկրի ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական անկախությունը։ Այս մասին հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը, նրա խոսքերը մեջբերել է ՌԻԱ Նովոստին։
Գերատեսչության ղեկավարը նշել է` անթույլատրելի է, որ պետական պարտքը չափազանց մեծ լինի։
«Մենք նաև արտաքին փոխառություններ ենք իրականացնում։ Մենք ունենք կոնկրետ նպատակներ և ռազմավարություն, երբ իրականացնում ենք արտաքին փոխառություններ։ Վարկերի վարկանշային գործակալությունների մեծ մասն Ադրբեջանին վարկեր տրամադրելիս առաջին հերթին վերլուծում է մեր պարտքերի իրավիճակը։ Ադրբեջանի համար չափազանց մեծ պետական պարտքը կարող է հարցականի տակ դնել ոչ միայն մեր տնտեսական, այլև քաղաքական անկախությունը»,– Ադրբեջանի խորհրդարանի նիստում ասել է Շարիֆովը։
Ավելի վաղ երկրի ֆինանսների նախարարը կանխատեսել էր, որ ընթացիկ տարվա վերջին պետական պարտքն ավելանալու է մինչև 17 մլրդ593.5 մլն մանաթ (10 մլրդ 349 մլն դոլար)։
2022 թվականին Ադրբեջանի պետական պարտքը կազմել է 16.5 մլրդ մանաթ (9.6 մլրդ դոլար)։ Այսպիսով, 2023 թվականին երկրի պետական պարտքի չափը կավելանա գրեթե 7 %–ով։