Վարդավառի լճում թթվածինը բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար. հետազոտություն

Վարդավառի լիճ
Լճից ջրի նմուշառում է իրականացվել լաբորատոր փորձազննում իրականացնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Երևանի Վարդավառի լճում թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Վարդավառի այգու լճի տարածքում դաշտային հետազոտություն են անցկացրել, իրականացվել է ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձազննում իրականացնելու նպատակով։
«Նմուշների առաջնային անալիզների նախնական արդյունքների համաձայն` ջրում լուծված թթվածնի արժեքը շատ ցածր է և բավարար չէ ձկների կյանքի պահպանման համար։ Ջուրը թույլ հիմնային է, հատկապես բարձր են ամոնիում (3-րդ, «միջակ» դաս) և սուլֆատ իոնների (5-րդ, «վատ» դաս) կոնցենտրացիաները»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` Վարդավառի լճում այսօր սատկած ձկներ էին հայտնաբերվել։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի մասնագետները տեղում պարզել էին, որ լիճն ամբողջությամբ փառակալած է։