ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի կառավարությունը «Ռուսատոմ Սերվիս» ընկերության (ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի մաս է կազմում) հետ կազմակերպչական–տեխնիկական աջակցության համաձայնագիր կկնքի Հայկական ԱԷԿ-ի ծառայության ժամկետը նորից երկարաձգելու համար (2026-36 թթ.): Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը Հայաստանում ատոմային էներգետիկայի հեռանկարների վերաբերյալ պանելային քննարկման շրջանակում։
Քննարկման կազմակերպիչներն են «Ռոսատոմը» և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Հաշվի առնելով, որ կայանը կառուցվել է խորհրդային նախագծով (ՋՋԷՌ-440 տիպի էներգաբլոկ)` առաջին 2016-26 թվականների համար երկարաձգման աշխատանքներին մասնակցել են ռուսական ձեռնարկությունները` «Ատոմէներգոպրոեկտը», որը ժամանակին նախագծել է Հայկական ԱԷԿ-ը, «Գիդրոպրեդս» կոնստրուկտորական բյուրոն, որը նախագծել է ռեակտորը, և այլն: «Այդ պատճառով ռուսական փորձն ու տեխնոլոգիաները կներգրավվեն նաև կրկնակի երկարաձգման համար»,– հստակեցրեց Վարդանյանը։
Համաձայնագրի շրջանակում «Ռուսատոմ Սերվիսը» կօգնի ներգրավել գլխավոր կոնստրուկտորին, ինչպես նաև աշխատանքները կատարողներին: Աշխատանքների վերահսկողությունը հայկական կողմն է իրականացնելու. աշխատանքների ընդունման մասին եզրակացությունը, ինչպես և նախկինում, կիրականացնի Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
«Համաձայնագրի նախագիծը մենք արդեն ունենք և առաջիկայում կներկայացնենք կառավարության հաստատմանը»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվել է մինչև 2026 թվականը: Այս տարի կառավարությունը որոշեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը երկարաձգվի մինչև 2036 թվականը: