Մեծավանի վարչական ղեկավարը պաշտոնը զբաղեցնելու համար կեղծ դիպլոմ է ներկայացրել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտե
Համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարը պաշտոնը զբաղեցնելու համար դիպլոմ է ներկայացրել, սակայն պարզվել է, որ նա երբեք չի սովորել փաստաթղթում նշված բուհում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռք է բերել կեղծ դիպլոմ և դիպլոմի հավելված հանդիսացող դասաժամերի և գնահատականների վերաբերյալ ներդիր, որոնք ներկայացրել է Տաշիրի համայնքապետարան։
Կեղծ դիպլոմի հիման վրա էլ Տաշիր համայնքի ղեկավարի՝ 2022թ. դեկտեմբերի 1-ի կարգադրությամբ անձը նշանակվել է վարչական ղեկավար։
«ՌԴ Կրասնոյարսկ քաղաքի «Սիբիրի պետական տեխնոլոգիական համալսարանի» կողմից տրված դիպլոմի ուսումնասիրությունը, սակայն, հիմք է տվել կասկածելու դրա իսկությանը, որի վերաբերյալ նշված ուսումնական հաստատություն կատարվել են հարցումներ: Ըստ հարցման պատասխանների՝ պարզվել է, որ վարչական ղեկավարի տվյալներով անձ երբևէ չի սովորել հիշյալ ուսումնական հաստատությունում, և ներկայացված համարի դիպլոմ առկա չէ»,–նշում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մեծավան բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Դիլիջանի քրեականի պետը ձերբակալվել է 16-ամյա պատանուն ծեծելու առնչությամբ. ՔԿ