ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում հանցագործությունները պետք է պատշաճ գնահատական ստանան։ Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի և ՀՀ վարչապետի որդու գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց Աշոտ Փաշինյանը` պատասխանելով հարցին` արդյոք պետք է զոհվածի մայրը ազատ արձակվի։
Նա անդրադարձավ նաև Գայանե Մարտիրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին։
«Ես դուրս թռա մեքենայից այն պատճառով, որ չէի կարողանում այլ կերպ դուրս գալ մեքենայից։ Իմ նետվելուց դեռ մի 7 րոպե առաջվանից ես պահանջել եմ կանգնեցնել մեքենան»,– ասաց նա։
Փաշինյանը դեպքի հետ կապված այլ հարցերի չպատասխանեց` նշելով, որ ցուցմունքները կհրապարակվեն, դետալները պարզ կլինեն։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Այսօր հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մոր խափանման միջոցը փոխվել է, ընտրվել է տնային կալանքը։