ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսվող խաղաղության պայմանագրի նախագծում անկլավների հիշատակում էլ չկա։ Այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Կան այլ պնդումներ տարածքային ամբողջականության մասին, որոնց շուրջ դեռ բանակցում ենք, վերջնական ձևակերպումներ չկան»,– ասաց Միրզոյանը։
Պատասխանելով ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի` անկլավներին վերաբերող հարցին, թե այս պահին խաղաղության պայմանագրի նախագծում կա արդյոք անկլավների արձանագրված թիվ` ԱԳ նախարարը շեշտեց` ինքը քաղաքական հայտարարություն է անում, ասում է` եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն` ինչի հիման վրա են դրանք գոյություն ունեցել, արդյոք առհասարակ իրավունք ունեցել են գոյություն ունենալու, թե իներցիայով բոլորն ասել են անկլավ, բայց նման բան չկա։
Նա հիշեցրեց նաև Արծվաշենը` Ադրբեջանի ԽՍՀ–ի տարածքում եղած հայկական անկլավը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ ոք չի վիճարկում։
Միրզոյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե որ փուլում է առհասարակ անկլավների հարցը բարձրացվել։ Նշենք, որ պատգամավոր Ագնեսա Խամոյանը խնդրել էր նախարարին պարզաբանել` որ փուլում է առաջացել անկլավների հարցը, որովհետև, օրինակ, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նման հիշատակում չկա։
Հիշեցնենք՝ մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում` Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց` Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։