Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի որոշումը

Նասեր Քանանի
Ադրբեջանն իր քաղաքացիների համար հայտարարություն էր տարածել` հորդորելով Իրան այցելել միայն անհրաժեշտության դեպքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին դատապարտել է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարությունը, որով կոչ է արվում խուսափել Իրան այցելելուց։
«Ադրբեջանի ժողովրդին պետք է վախեցնել իսրայելական վարչակարգով, ոչ թե քաղաքակիրթ Իրանով», – գրել է նա Twitter-ում:
ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանի նպատակն է շարունակել բարեկամական քաղաքականությունը փոխադարձ հարգանքի շրջանակում:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր` հաշվի առնելով այս տարվա հունվարին ԻԻՀ–ում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան նկատմամբ իրականացված հարձակումը` Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության այցելել Իրանի Իսլամական Հանրապետություն, իսկ այդ երկիր մուտք գործողներին խորհուրդ է տրվում զգոն լինել։
Նշենք, որ Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվեցին, երբ իրանական կողմը լայնածավալ զորավարժություններ անցկացրեց ադրբեջանական սահմանների մոտ: Որոշ ժամանակ անց Իրանի ռազմական ինքնաթիռը մի քանի անգամ խախտեց Ադրբեջանի օդային տարածքը։Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունները միմյանց մեղադրեցին ագրեսիվ հռետորաբանության մեջ։
Բաքվում փակել են Իրանի մշակութային ներկայացուցչությունը