ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանում նոր ատոմակայանի տարբերակների շարքում լավագույնս մշակվել է խոշոր հզորության ռուսական բլոկի նախագիծը (1000-1200 մեգավատ)։ Այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական Կարեն Սարգսյանը Հայաստանում ատոմային էներգետիկայի հեռանկարների վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ։ Քննարկման կազմակերպիչներն են «Ռոսատոմը» և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Սարգսյանը հիշեցրել է, որ այս տարվա սկզբին Հայաստանի համար կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորում ВВЭР-1200 ռեակտորով կայանի կառուցման համար (խորհրդային, Ռուսաստանում կատարելագործված 1200 Մվտ հզորությամբ կայանի նախագիծ):
«Խոսքն այս տեսակի կայանների նոր մոդիֆիկացիայի մասին է՝ 3+սերնդի` արտակարգ պատահարներից և վթարներից պաշտպանության չորս աստիճանով»,– հստակեցրեց նախարարի խորհրդականը:
Նա նշեց, որ որոշում կայացնելու ժամանակը շատ քիչ է, քանի որ կայանի կառուցման համար կպահանջվի առնվազն 10 տարի։ Բացի այդ, պետք է մեծ աշխատանք տանել գործող կայանի ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ: Երկարաձգման առաջին փուլը թույլ է տվել ատոմակայանի ռեսուրսը ձգել 2016 թվականից մինչև 2026 թվականը։ Երկրորդ փուլում այն ցանկանում են երկարաձգել ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը։ Նախքան շինարարությունը սկսելը, բնականաբար, անհրաժեշտ է զգալի նախագծային աշխատանքներ իրականացնել։
«Կարծում եմ, որ մոտ ժամանակներս որոշում կկայացվի։ Ռուսական կողմի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումն արդեն պատրաստ է, շահագրգիռ այլ կողմերից ես այլ առաջարկ դեռ չեմ տեսել»,- հայտարարել Է Սարգսյանը։
«Միաժամանակ, զուգահեռաբար կարող են դիտարկվել նաև այլ նախագծեր։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը բաց քննարկում է անցկացնում ֆրանսիական, հարավ–կորեական, ամերիկյան և այլ հնարավոր տեխնոլոգիաների առավելությունների և թերությունների վերաբերյալ»,– հստակեցրեց մասնագետը:
Հիշեցնենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման նախագծային ժամկետը լրացել է 2016 թվականին, սակայն արդիականացման և վերազինման լայնածավալ աշխատանքների շնորհիվ (մասամբ ֆինանսավորվել Է ՌԴ կառավարության վարկային և դրամաշնորհային միջոցներով) այն երկարացվել է մինչև 2026 թվականը:
Այս տարի կառավարությունը որոշում կայացրեց վերազինել կայանը, որպեսզի շահագործման ժամկետը կրկին երկարացվի մինչև 2036 թվականը: Զուգահեռաբար քննարկվում է նոր կայանի կառուցման հարցը։