ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Տեղական կապալառու ընկերությունը («Մ Գրուպ») Հայկական ԱԷԿ-ի հովացման աշտարակների վերանորոգումը պետք է ավարտի մինչև 2024 թ. սկիզբ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց կայանի տնօրեն Մովսես Վարդանյանը։
Կապալառուն ժամանակին չի հանձնել աշխատանքը. աշտարակներից մեկը նա պետք է վերանորոգեր մինչև 2022 թ. հունիսի վերջ, երկրորդը ՝ մինչև տարեվերջ։ Պարզվեց` կապալառուն չունի բավարար որակավորում` նման բարդ աշխատանքների համար (աշտարակների բարձրությունը մի քանի տասնյակ մետր է, իսկ աշխատելիս պահանջվում է մեծ ճշգրտություն):
«Այժմ հովացման աշտարակներից մեկն արդեն վերանորոգվել է, երկրորդը պետք է կարգավորվի այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին»,– նշեց Վարդանյանը։
Սառեցման աշտարակներում ատոմակայանի տուրբինը պտտող գոլորշին նորից սառչում է ջրի մեջ և վերադառնում կայան (որտեղ այն նորից տաքանում է` տուրբինները պտտելու համար): Ատոմակայանում կա 4 հովացման աշտարակ։ Դրանց վերանորոգումից հետո կայանը կաշխատի ավելի մեծ հզորությամբ, քան նախկինում ՝ առանց գերտաքացման վտանգի։
Բացի այդ, առաջիկա երեք տարիներին պետք է ավարտվի նոր բաց բաշխիչ սարքի շինարարությունը (որի միջոցով ԱԷԿ-ից էլեկտրաէներգիան մտնում է ընդհանուր ցանց)։ Աշխատանքներն արդեն սկսվել են, մրցույթը հաղթել է հայ-ռուսական կոնսորցիումը։
Այս երկու նախագծերը կարող են իրականացվել առանց կայանի աշխատանքը ընդհատելու, բայց մնացել է աշխատանքների ևս մի մեծ մաս, որի համար կայանը սովորականից ավելի երկար պետք է կանգ առնի: Խոսքը պատասխանատու հանգույցների (կառավարման և պաշտպանության համակարգեր, ռեակտորի ավտոմատացման սարքեր, վթարային պոմպեր և այլն) հովացման համակարգերի մասին է։ Այստեղ տեղադրվելու են չժանգոտվող պողպատից խողովակներ։ Կապալառուի հետ պայմանագիրն արդեն կնքվել է, աշխատանքները նախատեսում են ավարտել հաջորդ տարի:
Նշենք, որ այս աշխատանքները չպետք է շփոթել կայանի ծառայության ժամկետը 2026 թվականից մինչև 2036 թվականը երկարաձգելու նախագծի հետ (որը կազմվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի աջակցությամբ)։ Այս նախագծի շրջանակներում կուսումնասիրվեն և կվերանորոգվեն առանցքային սարքավորումները (ինչպես առաջին նորացման ժամանակ, երբ կայանի ռեսուրսը երկարացվեց 2016-ից մինչև 2026 թվականը): Վերը նշված աշխատանքները (հովացման աշտարակներ, արտաքին հովացման համակարգեր) ներառված չեն երկարաձգման նախագծի մեջ: