ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «FlyOne Armenia» ավիաընկերությունը ամառային թռիչքային շրջանում չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվա` «Շերեմետևո» օդանավակայան։ Տեղեկությունն ասուլիսի ժամանակ հայտնեց ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։
Նրա խոսքով` այս չվերթերի մեկնարկով կկարողանան թռիչքներ իրականցնել դեպի Մոսկվայի չորս օդանավակայաններից երեքը։
«Դեպի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններ թռիչքներ արդեն իսկ իրականացնում ենք։ Կարծում ենք`դեպի «Շերեմետևո» օդանավակայան ուղղությունը ևս պահանջված կլինի, որովհետև հաշվի առնելով ՌԴ մայրաքաղաքի առանձնահատկությունները`ամեն օդանավակայան ունի իր ուղևորը»,–ասաց Անանյանը։
Նա հավելեց, որ այս տարի թռիչքային աշխարհագրությունն ավելի են ընդլայնելու։
Ամառային թռիչքայինշրջանում թռիչքներ կիրականացվեն նաև դեպի Բարսելոնա, Տիվատ, Բուրգաս, Թեհրան։
Անդրադառնալով 2023 թվականի առաջին 5 ամիսներին գրանցած թռիչքների արդյունքներին` Անանյանը նշեց, որ տեղափոխել են ավելի քան 400 000 ուղևոր։
«Մենք մոտենում ենք տարված կտվածքով 1 մլն ուղևոր փոխադրելու` մեր նշաձողին»,–ասաց նա։
Անդրադառնալով վերջին շրջանում չվացուցակի հետ կապված խնդիրներին` Անանյանը նշեց, որ դրանք գտնվում են հաղթահարման փուլում և արդեն 90 տոկոսից ավելիի է հասցվել չվացուցակին համապատասխանությունը։
Հիշեցնենք` «FlyOne Armenia»-ն 2021 թվականի հոկտեմբերի 27-ին է ստացել ավիափոխադրողի վկայական։ Թռիչքներ է իրականացնում մի քանի ուղղություններով՝ Մոսկվա, Լիոն, Փարիզ, Ստամբուլ, Բեյրութ, Լառնակա, Քիշնև, Թել–Ավիվ, Դուբայ և այլն։ Ընկերության ավիապարկը բաղկացած է Airbus A320 ինքնաթիռներից։ Ընկերությունը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։