Դեմ ենք տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն․ Իրանում ՀՀ դեսպան

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը
Արսեն Ավագյանը իրանական լրատվամիջոցի հետ հարցազրույցում խոսել է տարածաշրջանային զարգացումների, Իրանում և Հայաստանում միմյանց մշակութային ժառանգության պահպանման և այս հարցում Ադրբեջանի կեցվածքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի Իսլամական Հանրապետության ամենաբարձր մակարդակով արտահայտվող հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ: Այս մասին «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը, հայտնում է դեսպանատան էջը։
Հարցին՝ բանակցային գործընթացում արդյո՞ք ամերիկյան միջնորդությունը չի հակասում Իրանի Իսլամական Հանրապետության նմանատիպ նախաձեռնություններին, դեսպանը պատասխանել է, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ է մեր տարածաշրջանում տարբեր ուժերի շահերը հակադրելուն և բախումներ ստեղծելուն։
«Ավելին, մենք համարում ենք, որ Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ հետաքրքրված մեր գործընկերների ջանքերի համատեղումն է, որ կարող է ի վերջո հանգեցնել առկա խնդիրների և հակասությունների կարգավորմանը»։
Համեմատություն անցկացնելով հարևան և բարեկամ Իրանում հայկական պատմական կոթողների պահպանման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից դրանց ավիրման միջև, Ավագյանը նշել է, որ հայկական կողմը գնահատում Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը հայկական պատմական ժառանգության հանդեպ։
«ԻԻՀ պետական աջակցությամբ վերականգնվել են տասնյակ նշանավոր եկեղեցիներ, այլ հուշարձաններ։ Թե՛ ՀՀ ղեկավարությունը, թե՛ հայ ժողովուրդն ընդհանրապես միշտ բարձր են գնահատել և դրվատանքի խոսքեր են հնչեցրել իրանցի բարեկամների հասցեին այս կապակցությամբ։ Իրանի հոգատարությունը հայկական մշակույթի նկատմամբ մեր երկու պետությունների ընդհանուր քաղաքակրթական կապերի և հազարամյա պատմական առնչությունների վկայությունն է։ Ասվածի վկայությունն է նաև 44-օրյա պատերազմից առաջ իրանական կողմի աջակցությամբ վերականգնված Շուշիի Գոհար աղա մզկիթը»,-ընդգծել է նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի գործելակերպին՝ դեսպանը նշել է, որ ադրբեջանական կողմը տարիներ շարունակ ԼՂ հակամարտությանը հաղորդել է կրոնական ենթատեքստ՝ Հայաստանին ներկայացնելով որպես իսլամի և ողջ մուսուլմանների թշնամի և օգտագործելով իսլամական համերաշխության զգայուն գաղափարախոսությունը, առաջ քաշել կեղծ փաստեր, թե հայկական կողմը Լեռնային Ղարաբաղում մի շարք մզկիթներ է ավերել:
«Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման քաղաքականությանը զուգահեռ՝ Ադրբեջանը փորձում է նույն քաղաքականությունը վարել նաև Իրանի նկատմամբ»,-ընդգծել է Ավագյանը:
Մասնավորապես նա հիշեցրել է նախորդ տարի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում Երևան այցելած ադրբեջանցի պատվիրակների հայտարարությունները, թե Երևանի Կապույտ մզկիթն ադրբեջանական է։