Չոր խմորիչի անվան տակ 350 կգ «հերոին» է անցկացրել ՀՀ. իրանցին 9 տարով ազատազրկվել է

Կալանք
Իրանի քաղաքացին թմրամիջոցը Հայաստանից մաքսանենգությամբ փորձել է տեղափոխել Նիդեռլանդների Թագավորություն, սակայն մաքսային ծառայության աշխատակիցների կողմից բռնվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ա.Շ-ն 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց Հայաստան ներմուծելու համար ազատազրկվել է 9 տարով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
Մասնավորապես նշվում է, Ա.Շ-ի օժանդակությամբ Իրանում բնակվող Մ.Մ.-ն, գործով չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 350 կգ «հերոին» տեսակի թմրամիջոց և, իբրև չոր խմորիչ, 1715 արկղերի հետ միասին բարձել է ավտոմեքենան ու առաքել Հայաստան՝ այդ կերպ քողարկելով և թաքցնելով թմրամիջոցը:
«Ավտոմեքենան 2021 թվականի փետրվարի 11-ին Մեղրիի անցակետով ժամանել է Հայաստան, սակայն 350 կգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոցը Հայաստանից մաքսանենգությամբ Նիդեռլանդների Թագավորություն տեղափոխելն ավարտին չի հասցվել։ Թմրամիջոցը հայտնաբերվել է ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից՝ արտահանման նպատակով վրացական ընկերությանը պատկանող ավտոմեքենայում բարձված բեռի զննության արդյունքում»,–նշվում է հաղորդագրությունում:
2022 թվականի հունվարի 8-ին Իրանի քաղաքացի Ա.Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմարմիջոցների մաքսանենգության օժանդակություն), 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն ու իրացնելուն օժանդակելը) և 35-38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների մաքսանենգության նախապատրաստություն):
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի փետրվարի 13-ի դատավճռով Ա.Շ.-ն մեղավոր է ճանաչվել. նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով: