Ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում ոստիկանի կողմից քաղաքացուն հարվածելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը հայտնում է ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր տեսանյութը, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանը հարցածում քաղաքացուն, որից հետո վերջինս ուշագնաց է լինում։
«Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով կամ դրա սպառնալիքով)»,–գրել է Աբրահամյանը։
Ընդգծվում է, որ նախաքննության ընթացքում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները դեպքի հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից բոլոր անձանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով։
Ավելի վաղ դեպքի առթիվ ոստիկանությունը հայտնել էր, որ նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։
Նշենք, որ «Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է հունիսի 2-4-ը, ժամը 16։00–22։30։