ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հունիսի 3-ին, ժամը 22:07-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում ավտոմեքենա է այրվում, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում՝ «Վեգա» խանութ-սրահի մոտակայքում, բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2001 թ․) և «Opel» (վարորդ՝ Ս. Ու., ծնված 1995 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է շարժիչի հատվածը՝ մասամբ։
Վարորդները հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ա. Հ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ս. Ու.-ինը՝ միջին ծանրության։