ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը պարզաբանում է տարածել դեպքի առնչությամբ։
Նշենք, որ ավելի վաղ սոցցանցերում տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանը հարվածում քաղաքացուն, որից հետո վերջինս ուշագնաց է լինում։
«Քաղաքացու և ոստիկանի միջև համացանցում տարածված միջադեպի առնչությամբ տեղեկացնում ենք. մայրաքաղաքի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև միջադեպից քիչ անց տեղեկութուն է ստացվել ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում։ Նշանակվել է ծառայողական քննություն, ոստիկանի ծառայողական լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են»,–նշված է պարզաբանման մեջ։
Նշենք, որ «Երևանի գինու օրեր» փառատոնը անցկացվում է հունիսի 2-4-ը, ժամը 16։00–22։30։ Փակ են Թումանյան, Մոսկովյան և Սարյան փողոցները։