Փաշինյանը երկաթուղային վթարի կապակցությամբ ցավակցել է Հնդկաստանի վարչապետին

Հայաստանի ու Հնդկաստանի վարչապետների հանդիպումը Նյու Յորքում. Արխիվային լուսանկար
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ այս դժվարին պահին հայ ժողովուրդն իր համերաշխությունն է հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգական երկաթուղային վթարի կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Խոր վշտով տեղեկացա Հնդկաստանի Օդիշա նահանգի Բալասոր քաղաքում երեք գնացքների բախման ողբերգական դեպքի մասին, որը դարձել է հարյուրավոր զոհերի պատճառ: Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ցավակցություն և զորակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին»,–նշված է ցավակցական հեռագրում:
Փաշինյանը նաև ընդգծել է, որ այս դժվարին պահին հայ ժողովուրդն իր համերաշխությունն է հայտնում հնդիկ եղբայրական ժողովրդին և Հնդկաստանի կառավարությանը։
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էր ցավակցություն հայտնել Հնդկաստանի Օդիշա նահանգում տեղի ունեցած ողբերգական վթարի կապակցությամբ:
Հիշեցնենք` հունիսի 2-ի երեկոյան (Երևանի ժամանակով` 18:20) Օդիշա նահանգի Բալասոր քաղաքի շրջանում ուղևորատար գնացքի 10-12 վագոններ դուրս են եկել գծերից։ Նրանց է բախվել ևս մեկ ուղևորատար գնացք։ Արդյունքում ռելսերից դուրս է եկել երեք վագոն։ Դրանից հետո տեղի է ունեցել ևս մեկ բախում՝ արդեն բեռնատար գնացքի հետ, որը կանգնած է եղել գծերին։ Վերջին տվյալներով Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհ է դարձել ավելի քան 294 մարդ, տուժածների թիվը հասնում է 1000-ի։
Վթարի պատճառը եղել է էլեկտրոնային արգելափակման համակարգի խափանումը, հայտնել են տեղական իշխանությունները: