ՌԱԴԻՈ

Կուսակցությունները Հայաստանում հայտնվել են «քաղաքական դեֆոլտի» մեջ. Հովհաննիսյան

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` այսօր մեզ սպառնում են նոր ցեղասպանությամբ, ունենք մի կառավարություն, որը չգիտի իր անելիքը, հետևաբար այս պայմաններում նոր ստեղծվելիք առողջ ուժի կամ ուժերի նպատակը պետք է լինի հանրային մոբիլիզացիան և նոր սոլիդ իշխանության ձևավորումը։
Sputnik
Այն, որ առաջին պլան են մղվել հասարակական շարժումներն ու նախաձեռնությունները, բացատրվում է նրանով, որ գործ ունենք քաղաքական դաշտի առողջացման միտումների հետ, որովհետև կուսակցություններն Հայաստանում այսօր գտնվում են «քաղաքական դեֆոլտի» մեջ և նրանց վարկանիշն ու կոնսոլիդացնող ռեսուրսը բավականին ցածր են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը` խոսելով այն մասին, թե ինչ հեռանկար կարող են ունենալ քաղաքական դաշտում գործող հասարակական շարժումները։
Վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել են մի քանի հասարակական շարժումներ ու նախաձեռնություններ («Համախմբում», «Մայր Հայաստան», «Հայաքվե» և այլն), որոնց նպատակը հասարակությանը համախմբելու միջոցով իշխանափոխության հասնելն է։
«Հանրության մի զգալի մասը մերժում է բոլոր կուսակցություններին, քաղաքական միավորներին, հնից եկող կամ նորաստեղծ ուժերին։ Նույնիսկ 2018 թվականից հետո ձևավորված բոլոր կուսակցություններն էլ մեծ հաշվով մնում են մեռելածին։ Սակայն սուրբ տեղը թափուր չի մնում, հետևաբար գործընթացները սկսեցին գեներացնել հասարակական շարժումներ ու նախաձեռնություններ` տալով հանրային առողջացմանը միտված ծիլեր, որոնք գուցև ապագայում կհանգեցնեն փոփոխությունների»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա դիտարկմամբ` մյուս կարևոր հանգամանքն այն է, որ Հայաստանում դասական առումով չկա քաղաքականություն, նման բան չի կարող լինել մի երկրում, որը գնացել է պատերազմի, պարտվել է`զոհելով մի ամբողջ սերունդ։ Հիմա մեր պետությանը սպառնում է ոչնչացում, նույնիսկ երկրի առաջին դեմքն է խոսում պետականության հնարավոր կորստի մասին։ Այս պայմաններում, երբ չկա քաղաքականություն, պարզ է, որ քաղաքական կուսակցություններն էլ չունեն մեծ դերակատարություն։
«Մեր հասարակության ներսում պետք է տեղի ունենա նոր գործընթաց, որի նպատակը պետք է լինի ազգային վերածնունդն ու պետականությունն ատամներով պահելը։ Իսկ դրա համար անհրաժեշտ են նոր մարդիկ, նոր գաղափարներ ու ձևակերպումներ, վերջապես՝ նոր ալիք։ Այդ նորը լուսնից չի գալու։ Նոր ասելով` նկատի ունենք այն մարդկանց, ովքեր որևէ առնչություն չեն ունեցել այս քաղաքական համակարգի հետ, չեն եղել որևէ խմբակցությունում, չեն շփվել և կապ չունեն նախկին նախագահների հետ։ Մենք պետք է նոր դեմքերն ու «փողոցային թալիբանը» տարբերենք, որովհետև 2018 թվականին թույլ տվեցինք, որ «փողոցային թալիբանը» գա ու ավերի երկիրը»,– ասաց մեր զրուցակիցը։
Դա հայ ժողովրդի համար կլինի ամենամեծ նվաստացումը և ազգային ողբերգությունը. Օսկանյան
Քաղաքական վերլուծաբանի կարծիքով` մինչև շարժումները կարձանագրեն որոշակի հաջողություններ, պետք է հստակ ֆիքսել, թե որ փուլում են դրանք ձևավորվում։ Այսօր մեզ սպառնում են նոր ցեղասպանությամբ, ունենք մի կառավարություն, որը չգիտի իր անելիքը, հետևաբար այս պայմաններում նոր ստեղծվելիք առողջ ուժի կամ ուժերի նպատակը, ըստ Հովհաննիսյանի, պետք է լինի հանրային մոբիլիզացիան և նոր սոլիդ իշխանության ձևավորումը, որը կհասկանա և ճիշտ կգնահատի զարգանալու, պաշտպանվելու, մարտահրավերներին դիմակայելու մեր ռեսուրսը։
Հովհաննիսյանը վկայակոչեց նաև սոցհարցումներն ու շեշտեց, որ հանրության մեջ բյուրեղացած պրոիշխանական և հակաիշխանական ընտրազանգվածներն արդեն հասել են իրենց պատմական նվազագույն մակարդակին։ Դրանից բացի, ունենք 60-70 տոկոսի չափով մոլորված, չկողմնորոշված զանգված, որը նույնպես մտահոգված է երկրի վիճակով, հետևաբար անհրաժեշտ է այդ զանգվածին մասնակցային գործընթացի մեջ ներգրավել, որպեսզի միասնական ուժերով հաջողվի պահել երկիրն ու պետականությունը։