Ես ամեն օր սպանության մինչև 200 սպառնալիք եմ ստանում. Սերբիայի նախագահ

Ալեքսանդր Վուչիչ. Արխիվային լուսանկար
Զանգվածային ցույցերի ֆոնին նա ավելի վաղ հայտարարել էր, որ Սերբիայում բռնի իշխանափոխություն տեղի չի ունենա, ինչպես Կիևում 2014 թվականին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ամեն օր սպանության մինչև 200 սպառնալիք է ստանում, սակայն իր՝ որպես պետության ղեկավարի աշխատանքն է «հանդուրժել այդ խոզությունը»։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սերբիայում հունիսի 4-ին նշվում է ՆԳՆ և Ոստիկանության օրը: Պետության ղեկավարը, ներքին գործերի նախարար Բրատիսլավ Գաշիչի հետ այսօր ստուգել է սարքավորումները, զենքը և տեխնիկան, այդ թվում՝ ուղղաթիռները, ինչպես նաև ՆԳՆ նոր հրամանատարա-օպերատիվ կենտրոնը, որը կապված է 4 հազար փողոցային տեսախցիկների հետ: Նախագահի և նախարարի առջև երդում են տվել ոստիկանության ուսումնական հաստատությունների շրջանավարտները, որից հետո տեղի է ունեցել մեկ տարվա ընթացքում աչքի ընկած աշխատակիցների պարգևատրման արարողությունը:
«Ես հանրապետության նախագահն եմ, և իմ գործն է հանդուրժել մահվան սպառնալիքները։ Չգիտեմ՝ արդյոք դա պաշտոնապես հետապնդվում է, թե չէ, ինչ վերաբերում է ինձ, ամեն օր ավելի քան 200 սպանության սպառնալիք եմ ստանում։ Երբ դուք նախագահ եք, սովորում եք հանդուրժել դա», - ասել է Վուչիչը ճեպազրույցի ժամանակ։
Այսօր Բելգրադում տեղի է ունեցել Սերբիայի գործող իշխանության քաղաքականության հակառակորդների 5-րդ զանգվածային երթն ու հանրահավաքը: Ցուցարարները հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ և երթով անցել քաղաքի կենտրոնական փողոցներով։ Մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան, ընդդիմադիր լրատվամիջոցները հայտնում են ավելի քան 10 հազար մարդու մասին:
Սերբիայի մայրաքաղաքում մայիսի 26-ին տեղի էր ունեցել ամենամեծ հանրահավաքը՝ ի պաշտպանություն նախագահ Վուչիչի և կառավարության: Չնայած հորդառատ անձրևին, ըստ կառավարամետ լրատվամիջոցների, 200 հազար մարդ էր հավաքվել: Վուչիչը հաջորդ օրը հայտնել է իշխող Սերբական առաջադիմական կուսակցության առաջնորդի պաշտոնից հեռանալու մասին:
Նա զանգվածային ցույցերի ֆոնին հայտարարել էր, որ Սերբիայում բռնի իշխանափոխություն տեղի չի ունենա, ինչպես Կիևում 2014 թվականին:
Սերբիական բանակի ստորաբաժանումները տեղակայվում են Կոսովոյի հետ վարչական գծի մոտ