«Էլ ինչ դպրոց, աշխարհը մերն է». ինչպես Համլետ Մանուկյանի հաղթանակը փոխեց ընտանիքի կյանքը

Մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը մարզվելիս
Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 1-ին սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում 15-ամյա Համլետ Մանուկյանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն։ Այս կարևոր հաղթանակից հետո Sputnik Արմենիան այցելել է Մանուկյաների ընտանիք և զրուցել նրանց հետ։
Sputnik
Արմավիր մարզի Ապագա գյուղում երկու ամիս առաջ քեֆ-ուրախություն էր։ Ամբողջ գյուղը դուրս էր եկել դիմավորելու իրենց չեմպիոնին` Համլետ Մանուկյանին։ Բոլորն էին հուզված ու զարմացած։ Այն որ իրենց համագյուղացի տղան տաղանդավոր է, գիտեին, բայց որ նա մրցումներից կվերադառնա իբրև աշխարհի կրկնակի չեմպիոն, չէին սպասում։
Հիմա նա ոչ թե պարզապես Համլետն է, այլ մարմնամարզության երիտասարդական աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը` իր ընտանիքի, բարեկամների, համագյուղացիների ու ամբողջ հանրապետության հպարտությունը։
Համլետ Մանուկյանը ցուցադրում է իր ոսկե մեդալները
Երիտասարդ մարզիկին այս օրերին հաճախ են կանգնեցնում փողոցում, բարևում են, լուսանկարվում ու շնորհակալություն հայտնում երկիրը պատվով ներկայացնելու համար։ Չափազանց համեստ ու մի քիչ էլ ամաչկոտ Համլետն այս ամենից այդքան էլ գոհ չէ։ Ասում է` շատ է պարտավորեցնում, որ հանկարծ կես քայլ անգամ հետ չգնա։
Դեռ անցած տարի, երբ Համլետին հարցնում էին` ինչ ես դառնալու, նա վստահ ասում էր` բժիշկ– սրտաբան։ Աշխարհի առաջնությունից հետո կրկնակի չեմպիոնը էլ ոչինչի մասին չի մտածում, բացի պրոֆեսիոնալ մարզիկ դառնալուց։
«Նա ցանկացած մասնագիտության մեջ էլ կարող էր նկատելի հաջողություն ունենալ, բայց եթե իրեն սա է գոհացնում, ինքը հաճույք է ստանում հենց սրանից, ուրեմն ես դեմ չեմ»,– խոստովանում է Համլետի մայրը` Կարինե Մանուկյանը։
Համլետ Մանուկյանը մոր` տիկին Կարինեի հետ տան բակում
15-ամյա չեմպիոնն իր մարմնամարզական կարիերան սկսել է դեռ 10 տարի առաջ։ Ծնողները, սակայն, տղային մարմնամարզության տարան պարզապես կոփվելու համար, հետո պետք է ըմբշամարտի գնար։ Բայց փոքրիկ տղան միանգամից աչքի ընկավ իր յուրահատուկ տվյալներով ու տաղանդով։ Մարմնամարզության մարզիչները որոշեցին Համլետին բաց չթողնել։
Մի քանի տարի անց Համլետն իր տարիքային խմբում արդեն խոստումնալից արդյունքներ էր գրանցում։
«Երբ արդեն ամեն ինչ լավ էր ստացվում, ես մասնակցեցի իմ առաջին մրցմանը։ Ամբողջությամբ ձախողեցի առաջնությունը, ու այնքան մեծ էր հիասթափությունս, որ որոշեցի թողնեմ մարմնամարզությունն ու այնուամենայնիվ ըմբշամարտի գնամ»,–պատմում է պատանի մարզիկը։
Մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը մարզվելիս
Համլետն ըմբշամարտի երկու օր գնաց։ Հետո, մարզիչների ու ծնողների հորդորով ու աջակցությամբ կրկին հավաքեց ուժերը, մի կողմ թողեց հիասթափությունն ու մարզումները սկսեց նոր ուժով... արդյունքը երկու ամիս առաջ տեսավ ամբողջ աշխարհը։
Մեդալների, պատվոգրերի ու գավաթների քանակը մտաբերել դժվարանում է, առաջարկում է` ցույց տալ։ Վերջերս էլ այս հավաքածուին ավելացել է նաև ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի կրծքանշանը։ Մարզիկը վստահեցնում է` այս ամենին հասնելու համար քրտնաջան աշխատել է, բայց ոչ դպրոցական դասերի հաշվին։
1 / 3
Награды гимнаста Гамлета Манукяна
2 / 3
Значок мастера спорта международного класса гимнаста Гамлета Манукяна
3 / 3
Награды гимнаста Гамлета Манукяна
«Դպրոցից հետո միանգամից գնում եմ պարապմունքի, հետ եմ գալիս տուն ուշ երեկոյան` ահավոր հոգնած ու ուժասպառ, բայց նստում եմ դասերս եմ անում։ Եթե անգամ չեմ հասցնում, հաջորդ օրը առավոտ շուտ եմ արթնանում, որ դպրոց պատրաստված գնամ»,– պատմում է Համլետը, բայց կողքից միջամտում է մանկավարժ մայրը. «Ոչ, այնքան չի հասցնում, որքան պետք է։ Հաճախ ուսումնամարզական հավաքների է լինում, բացակայում է, և ես նկատում եմ այդ բացը»։
Բայց հետո տիկին Կարինեն միանգամից հավելում է` դժգոհ չեմ նրանից, շատ է կարդում, լրացուցիչ պարապմունքների է գնում։
«Նրա հետ խոսել եմ` ասել, որ եթե անգամ այլ մասնագիտություն ընտրի, պետք է շատ կրթված լինի, լեզուներ իմանա, որպեսզի պատվով ներկայացնի իր երկիրն աշխարհի ցանկացած անկյունում»։
Մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը մարզվելիս
Աշխարհի առաջնության եզրափակիչի օրը Մանուկյանների ընտանիքում իսկական իրարանցում էր, բոլոր բարեկամները, համագյուղացիները, Համլետի ընկերները հավաքվել էին միասին դիտելու մրցելույթները։ Համլետի մայրն ամբողջ ընթացքում հյուրասենյակ չի մտել, տղայի ելույթներին հետևել նա չի կարողացել։
«Երբ տարիներ առաջ լսում էի` մարզիկների մայրերն ասում էին, որ չեն նայում իրենց որդիների ելույթները, զարմանում էի, ասում էի` դե ոնց կլինի, զավակդ ելույթ ունենա ու դու չնայես, բայց արի ու տես, որ ես իմ սեփական մաշկի վրա զգացի դա»,– պատմում է տիկին Կարինեն։
Բայց ամենատպավորիչը մոր համար այս ամբողջ ընթացքում եղել է փոքր տղայի արձագանքը եղբոր հաղթանակին։ Երբ առավոտյան փորձել է արթնացնել Սևակին դպրոց գնալու համար, նա ասել . «Մամ ջան, էլ ինչ դպրոց, աշխարհը մերն ա...»
Համլետ Մանուկյանը փոքր եղբոր` Սևակի հետ
Այս կարևոր իրադարձությունը գուցե ընտանիքի անդամների կյանքը մի փոքր փոխեց, գոնե հպարտանալու առիթ հաստատ տվեց, բայց ոչ Համլետինը։ Նա նույն ռեժիմով ու տեմպով ամեն օր գալիս է Երևան, ժամեր շարունակ անցկացնում մարզադահլիճում` ձգտելով հասնել ավելի լավ արդյունքի։
Հիմա աշխատում է «ազարյանական խաչի» վրա։ Թե կարողանա կատարել, իր համար մեծ ձեռքբերում կհամարի։
Համլետ Մանուկյանը «ազարյանական խաչն» է փորձում
Իր կարծիքով` մի փոքր թերանում է օղակներ վարժությունում, պարապում է քրտնաջան, որ եկող տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում անթերի ներկայանա։ Ի դեպ, նախորդ տարի ԵԱ-ում Համլետ Մանուկյանը փոխչեմպիոն էր։
Ավելի հեռուն նայել դեռ չի ուզում, ասում է` կաշխատեմ, կերևա։ Մայրը կողքից միջամտում է. «Ծնողը միշտ երազում է, որ երեխան անփորձանք ելույթ ունենա, իսկ մարզիկը երազում է օլիմպիական ոսկի տանել»։
Հենց այդ պահին Համլետը փռշտում է. «Այդքան էլ ճիշտ, գուցե այդ օրն էլ տեսնենք...»։
1 / 4

Մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը մարզվելիս

2 / 4

Մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը մարզվելիս

3 / 4

Մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը մարզվելիս

4 / 4

Մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի չեմպիոն Համլետ Մանուկյանը մարզվելիս