Էջմիածնի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Արխիվային լուսանկար
Կայքի տվյալներով` մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել այսօր` ժամը 15․50-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները հյուրանոցային համալիրի համարներից մեկում հայտնաբերել են գլխի հատվածում հրազենային վնասվածքով տղամարդու դի։
Պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 38-ամյա Սերժիկ Ղ․-ն է։ Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև «ТТ» տիպի ատրճանակ և մեկ հատ կրակված պարկուճ։
Կայքի տվյալներով` տեղի ունեցածը ինքնասպանություն է, իսկ մահացածը նախկինում եղել է մի քանի անգամ դատապարտված, այդ թվում՝ ավազակային հարձակում կատարելու համար։
Ոստիկանություն դեպքի մասին ահազանգել է հյուրանոցային համալիրի տնօրենը, իսկ նրան տեղեկացրել են հյուրանոցի աշխատակիցները, որոնք տեսնելով, որ տղամարդը չի արձագանքում դռան զանգերին, կոտրել են դուռը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։