Չինաստանը Բելառուսում բժշկական հաստատություններ կկառուցի

Արխիվային լուսանկար
Բելառուսի պատվիրակությունը Պեկինում քննարկել է մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ համատեղ ջանքերով օնկոլոգիական կենտրոնի ստեղծումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Չինաստանը Բելառուսում բժշկական հաստատություններ կկառուցի, հայտնում է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Չինաստան կատարած այցի ընթացքում Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացուցիչները «Սինոֆարմ» ընկերության հետ համագործակցության համաձայնագիր են ստորագրել` մի շարք նախագծերի իրականացման համար, այդ թվում՝ Բելառուսում բժշկական հաստատությունների կառուցում և չինական արտադրության բժշկական սարքավորումների մատակարարում։
Նախարարությունից հայտնել են, որ Բելառուսի պատվիրակությունն այցելել է Պեկինի համալսարան, որտեղ քննարկել են ուսանողների և ուսուցիչների հետ համագործակցության և փոխանակման հնարավորությունը՝ մասնակցելու տարբեր գիտական և գործնական կոնֆերանսների, պրակտիկաների։ Անդրադարձ է կատարվել նաև Բելառուսի և Չինաստանի մասնագետների համատեղ գիտական հետազոտություններ կատարելու հնարավորությանը։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են արյունաբանության, այդ թվում՝ Car-T-թերապիայի (բջջային իմունոթերապիա՝ քաղցկեղի դեմ պայքար) ոլորտում համագործակցության հնարավորություն. մոլեկուլային կենսաբանության ոլորտում մասնագետների վերապատրաստում, ինչպես նաև ոսկրածուծի փոխպատվաստման նոր տեխնոլոգիաներ։
Բելառուսը Չինաստանին առաջարկել է համատեղ Car-T կենտրոն ստեղծելու հայեցակարգը՝ հիվանդներին բարձր տեխնոլոգիական բժշկական օգնություն ցուցաբերելու համար։