Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» շփվել են Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում

Ալիևն ու Փաշինյանը
Փաշինյանն Անկարա է մեկնել հունիսի 3-ին՝ ներկա լինելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Անկարայում Թուրքիայի վերընտրված նախագահ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողության շրջանակում «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել: Տեղեկությունը հայտնում է CNN Türk հեռուստաալիքը։
«Կարճատև զրույցի ընթացքում նրանց կողքին է եղել նաև Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յլդըրըմը»,- նշում է լրատվամիջոցը:
Համապատասխան լուսանկարը հեռուստաալիքը ցուցադրել է եթերում։
Գրեթե 15 տարվա ընթացքում սա Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Թուրքիա։ Մինչ այդ 2009թ. հոկտեմբերին հարևան հանրապետությունում էր եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Նրա օգտին էին քվեարկել ընտրողների ավելի քան 52 տոկոսը: Էրդողանի մրցակից, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքեց քվեների 47,82 տոկոսը։