Թուրքիայի ՊՆ ղեկավար կարող է դառնալ ԳՇ պետը, ԱԳ նախարար` հետախուզության պետը. ԶԼՄ

Էրդողանի կողմնակիցները
Էրդողանը Թուրքիայի նոր կառավարության կազմը կհայտարարի այսօր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Թուրքիայի նոր արտգործնախարար կարող է դառնալ ներկայում Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, իսկ ազգային պաշտպանության ղեկավար կարող է նշանակվել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը։ Տեղեկությունը հայտնում է «Hürriyet» թերթը։
Թուրքիայի նախագահը նոր կառավարության կազմը կհայտարարի այսօր։
«Հաքան Ֆիդանը` Ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարը, արտգործնախարար կդառնա։ Եթե նա նախարար չդառնա, Իբրահիմ Քալընի անունն է հիշատակվում որպես MİT–ի ղեկավար։ Ազգային պաշտպանության նախարարությունը կգլխավորի ԳՇ պետ, գեներալ Յաշար Գյուլերը», – գրում է թղթակից Աբդուլկադիր Սելվին։
Ըստ պարբերականի` նախկին փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեկը փոխնախագահի պաշտոնի փոխարեն նախընտրել է ֆինանսների նախարարի պաշտոնը։
Նշվում է, որ Թուրքիայում մեկ փոխնախագահի համակարգը կպահպանվի նաև այս անգամ։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայում կայացավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքներով հաղթեց երկրի գործող նախագահը։ Էրդողանի երդմնակալության արարողությունը կկայանա այսօր։ Արարողությանը ներկա է լինելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։