ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, պատասխանելով Ֆրանսիայի բաց առաջնությունում ուկրաինացի լրագրողի հարցերին, հայտարարել է, որ չի ցանկանում խոսել քաղաքականության մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես մարզիկ եմ, քաղաքական գործիչ չեմ։ Չեմ ուզում այստեղ խոսել քաղաքականության մասին, քանի որ նախևառաջ ես դրանից լավ չեմ հասկանում։ Երկրորդ` դա իմ գործը չէ: Ես թենիս եմ խաղում, ես մարզիկ եմ: Ես չեմ ուզում նույնիսկ կապ ունենալ դրա հետ»,- ասել է Խաչանովը։
Նշենք, որ երեկ Կարեն Խաչանովը «Ռոլան Գարոսի» 3-րդ շրջանում 6:4, 6:1, 3:6, 7:6 (7:5) հաշվով հաղթել է ավստրալիացի Տանասի Կոկինակիսին ։ Խաղից հետո կայացած ասուլիսի ժամանակ նրան մի քանի հարց են ուղղել քաղաքականության մասին։